ԵՐԵՎԱՆ

Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է և Հայաստանի մեծությամբ առաջին քաղաքը։ Այն աշխարհի հինավուրց քաղաքներից է և լավագույն վայրն է Հայաստանի հետ ծանոթությունը սկսելու համար։ Երևանի հետ ծանոթությունը սովորաբար սկսում են Հանրապետության հրապարակից, որտեղ գտնվում են Հայաստանի պատմության թանգարանը և Ազգային պատկերասրահը։ Այստեղից կարող եք քայլել դեպի Ա․ Սպենդարյանի անվան Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական թատրոն, որը հիմնադրվել է 1933 թվականին և հայկական ճարտարապետության գոհարներից է։ Երևանի տեսարժան վայրերի մեծ մասը գտնվում են միմիյանց ոչ շատ հեռու հեռավորության վրա, ինչպես օրինակ՝ Կասկադ համալիրը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, Կարապի Լիճը, Հյուսիսային պողոտան և պատմական Աբովյան փողոցը։ Երևանը պատմական քաղաք է և այցելությունը Մատենադարան, որը հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր պարտադիր է Հայաստան այցելողների համար։

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ

Գիտեի՞ք, որ Հայաստանը առաջինն է աշխարհում, որ ընդունել է քրիստոնեությունը, որպես պետական կրոն։ Այսօր, քրիստոնեությունը խորհրդանշող կառույցներ կարելի է հանդիպել Հայաստանի բոլոր անկյուններում։ Ծանոթությունը Հայաստանի տեսարժան վայրերի հետ սկսեք Գեղարդի Վանական համալիրից իր ժայռափոր երկու եկեղեցիներով, որը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Ըստ ավանդության, այստեղ առաջին եկեղեցին հիմնվել է 4-րդ դարի սկզբին, սակայն գլխավոր Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 13-րդ դարում։ Հայկական միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներից է նաև Տաթևի վանական համալիրը։ Այն Հայաստանի հինավուրց և ամենահայտնի հուշարձաններից է։ Վանական համալիր կարելի է հասնել նստելով աշխարհի ամենաերկար «Տաթևեր» ճոպանուղին։ Հայաստանի պատմական և տպավորիչ տեսարժան վայրերի ցանկը շարունակում է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը, որը Հայ առաքելական եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է։ Թեև տաճարըդարեր շարունակ բազում անգամներ վերանորոգվել է, իսկ 17-19-րդ դարերում ենթարկվել է որոշ փոփոխությունների, կառույցի նախնական ձևը պահպանվել է 4-րդ դարից։ Հայաստանի տեսարժանի վայրերի հետ ծանոթությունը անավարտ կլիներ առանց այցելության Սևանա լիճ։ Լիճը շրջապատված է լեռներով և գտնվում է ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։

ԱՐԿԱԾՆԵՐ

Հայաստանը լեռնային երկիր է և հրաշալի վայր է էքստրեմալ սպորտաձևերով զբաղվելու համար։ Վերջին տարիներին զիփլայնով և պարապլաներային թռիչքներով զբաղվելը շատ տարածված է դարձել Հայաստանում։ Դուք հնարավորություն կունենաք ճախրել և հիանալ Հայաստանի բացառիկ բնությամբ, իսկ տաք եղանակին զբաղվել լեռնագնացությամբ և քայլարշավներով։ Հայաստան այցելուների ամենասիրելի վայրը լեռնագնացության համար Արագած լեռն է, որը Հայաստանի ամենաբարձր գագաթն է(4090մ)։ Ձմռան ամիսներին Հայաստանը տարածաշրջանում լավագույն վայրերից է դահուկների և սնոուբորդի սիրահարների համար։ Ամենահայտնի վայրը ձմեռային սպորտաձևերով զբաղվողների համար Ծաղկաձորն է։

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Հայերը խնջույքների և համեղ ուտեստների սիրահար են։ Ավանդական հայկական ուտեստներն են խորովածը, դոլման (խաղողի, կաղամբի տերևներ կամ բանջարեղեն լցոնված աղացած մսի և բրնձի միջուկով), ղափաման (դդում՝ լցոնված խաշած բրնձով, մրգերով, չրերով և մեղրով) և հարիսան (շիլա պատրաստված ձավարով և մսով)։ Այս ուտեստները հաճախ ըմբոշխնում են հայկական գինով կամ աշխարհահռչակ հայկական կոնյակով։ Այդուհանդերձ, հայկական ուտելիքներից երկուսն անփոխարինելի են. լավաշը՝ հայկական ավանդական հացը, որը 2014 թվականին ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՈ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում, և հայերի սիրելի աղանդեր-թխվածքը՝ գաթան։

Կարդացե՛ք ավելին:

http://armenia.travel/en