Հայաստանը հինավուրց երկիր է, որը սահմանակից է Թուրքիային` արևմուտքում,Վրաստանին՝ հյուսիսում, Ադրբեջանին՝ արևելքում և Իրանին՝ հարավում։ Ունենալով ավելի քան 3500 տարվա պատմություն՝ Հայաստանը աշխարհի քաղաքակրթության ամենահին օրրաններից է։

Հայկական մշակույթն ու ավանդույթներն իրենց արտացոլումն են գտնում գրականության, ժողովրդական պարերի և երաժշտության, յուրօրինակ արվեստի մեջ, ինչպես նաև համեղ խոհանոցում։ Հայաստանն առաջինն է աշխարհում ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն մ․թ․ 301 թվականին։ Ըստ ավանդության՝ հայկական եկեղեցին հիմնադրվել է Հիսուսի երկու առաքյալներ Թադևոսի և Բարդուղիմեոսի կողմից, և այդ պատճառով այն պաշտոնապես կոչվում է Հայ առաքելական եկեղեցի։ Հայ ժողովրդի համար կրոնը և լեզուն դարեր շարունակ եղել են ազգը համախմբող միջոց ինչպես երկրում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս:

Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ։ Հյուսիսից հարավ և արևելքից արևմուտք սփռված հինավուրց վանքերն ու պատմամշակութային հուշարձանները զբոսաշրջության հրաշալի վայրեր են։

Հայաստանը աշխարհի ամենաանվտանգ երկրներից է։ Համաձայն Gallup International-ի կողմից իրականացված 2019 թվականի «Համաշխարհային իրավունք և կարգ» հարցման՝ աշխարհի ամենաանվտանգ երկրների ցանկում Հայաստանը 7-րդ տեղն է զբաղեցնում: Այս առումով բավական է միայն նշել, որ հարցմանը մասնակցած հայերի 89%-ը հանգիստ ու ապահով են զգում այստեղ։

2018 թվականին The Economist ամսագիրը Հայաստանը ճանաչել է «Տարվա երկիր»։ 2018 թվականի գարնանն իրականացված «թավշյա հեղափոխության» համար ամսագիրը հայերին կոչել է «ծափահարությունների արժանի ազգ»: