Բա՜րև: 270 արևոտ օր, համեղ խոհանոց, նրբագեղ գինի, տպավորիչ լեռնային տեսարաններ և իհարկե կրթության դարավոր պատմություն. բարի գալուստ Հայաստան։ Է՞լ ինչն է Հայաստանը դարձնում կատարյալ վայր միջազգային ուսանողների համար:

Եկե՛ք դիտարկենք, թե ինչու պետք է ընտրել Հայաստանը, որպես կրթական ուղղություն։

Բարձրագույն կրթության բնագավառում նոր հեռանկարների ձեռքբերում

Հայաստանը իր ինքնատիպ մշակույթով և առանձնահատկություններով զգալիորեն տարբերվում է այլ երկրներից։ Ուստի Հայաստանում ուսումնառելով՝ Դուք գաղափար կկազմեք այլ երկրներից տարբերվող կրթական համակարգի վերաբերյալ և կառնչվեք դասավանդման, ուսումնառության և հետազոտության բնագավառներում նոր մոտեցումների:

Բոլորին հասանելի բարձրագույն կրթություն

Հայաստանում ուսման վարձերը, որոնք, մարդկանց միջին աշխատավարձով պայմանավորված, բերված են խելամիտ սահմանների, հնարավորություն կընձեռեն հասարակության տարբեր շերտերի երիտասարդներին ստանալու հիմնարար կրթություն արևոտ և անզուգական բնական գեղեցկությամբ օժտված երկրում։

Հիանալի վայր հետազոտություններ իրականացնելու համար

Հայաստանը, համարվելով մարդկային քաղաքակրթության բնօրրաններից մեկը, ունի հարուստ մշակութային պատմություն և ժառանգություն, անշուշտ, կարդարացնի այն ուսումնառողների և գիտնականների պահանջներն ու սպասումները, որոնք խորապես հետաքրքրված են հնագիտական, պատմական, ազգագրական և երկրաբանական հետազոտություններով:

Հինավուրց լեզու սովորելու բացառիկ հնարավորություն

Հայերենը, որը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է, և որով հաղորդակցվում է ավելի քան 7 միլիոն մարդ, հավանաբար կհետաքրքրի այն ուսումնառողներին, որոնք ցանկանում են ուսումնասիրել դասական լեզուներ, սովորել հայերեն կամ իրականացնել հետազոտություններ լեզվաբանության բնագավառում: Հարկ է նշել, որ բոլոր բուհերում հայերենը պարտադիր դասավանդվում է՝ անկախ ուսանողի ընտրած մասնագիտությունից:

Կարիերիայի նոր հնարավորություններ

Հայտնվելով բոլորովին նոր կրթական համակարգում՝ Ձեզ հնարավորություն կընձեռվի վերագնահատելու Ձեր ներուժը նոր տեսանկյունից՝ դրանով իսկ բացահայտելով նոր ձիրքեր և հետաքրքրություններ, որոնք գուցե երբեք չհայտնաբերվեին, եթե մնայիք ձեր երկրում: Ձեր անձնական և մասնագիտական աճի համար սա հետագայում կբացի կարիերայի նոր հնարավորություններ և հորիզոններ:

Դրական արդյունք ակնկալող մարտահրավերներին ընդառաջ

Հայաստանի բարձրագույն կրթությունը գրավիչ կլինի նրանց համար, որոնք «փոխզիջման ոգու» ջատագովներ են՝ պատրաստակամ խթանելու կրթությունը և օգտվելու դրա ընձեռած հնարավորություններից: Ուսումնառության նկատմամբ ունեցած այս երկկողմանի մոտեցումը, անշուշտ, լավ հիմք կլինի բոլորովին նոր միջավայրում ստուգելու և վերարժևորելու Ձեր գիտելիքներն ու հմտությունները այնպիսի մեթոդներով, միջոցնելով և մոտեցումներով, որոնք կարող են Ձեզ թվալ մարտահրավերներ: Վերջիվերջո, չէ՞ որ մենք այն մարդիկ ենք, որոնք կարիք ունեն և իսկապես ձգտում են աննախադեպ մարտահրավերների՝ դառնալու ավելի ուժեղ և ստեղծագործ: Արդյո՞ք չպետք է հետևենք «Անհրաժեշտությունը գյուտերի մայրն է» կարգախոսին: Եթե այո՛, մի՛ հապաղեք իրականացնելու ձեր նորարարական գաղափարները չբացահայտված հնարավորությունների երկրում:

Հասանելի և հյուրընկալ դասավանդող և վարչական աշխատակազմ

Բաց մի՛ թողեք առիթը՝ ուսումնառություն ստանալու մոտիվացնող և բարեհաճ կրթական միջավայրում, ինչը հատկանշական է բազում, եթե ոչ բոլոր, հայաստանյան բուհերին: Վայելե՛ք Ձեր կրթությունը հյուրընկալ ու պատրաստակամ այնպիսի մարդկանց շրջապատում, որոնք պատրաստ են արձագանքելու ձեր կրթական կարիքներին ուսումնական և արտաուսումնական միջոցառումներով: Հաղորդակցության կամ խորհրդատվության անհրաժեշտության դեպքում երաշխավորված է աշխատակիցների 100% աջակցությունը:

Պետության կողմից ֆինանսավորվող կրթական հնարավորություններ

Պատրա՞ստ եք բացահայտելու Ձեր իրական եսը Հայաստանում: Եթե այո՛, ապա իմացե՛ք, որ Հայաստանի կառավարությունը կրթաթոշակներ է առաջարկում օտարերկրյա այն ակտիվ և մոտիվացված ուսանողներին, որոնք ցանկանում են փորձել իրենց կարողություններն ու հնարավորությունները մի երկրում, որտեղ Թավշյա հեղափոխության թարմ շունչը տարածվում է նոր թափով:

Մշակութային շոկի առավել դյուրին հաղթահարում

Աշխարհում ոչ մի տեղ հնարավոր չէ մշակութային շոկը հաղթահարել այնպիսի հեշտությամբ, ինչպես Հայաստանում: Ձեր գտնվելու առաջին իսկ օրից դուք շրջապատված կլինեք բարյացակամ ու ծայրաստիճան հոգատար տեղացիներով: Համալսարանում Դուք երբեք օտար չեք զգա ողջ համալսարանական համայնքի հոգատարության և աջակցության շնորհիվ: