Սոցիալական կյանքը Հայաստանում

Հաղորդակցումն ու հասարակության հետ կապերը կարևոր են օտարերկրյա ուսանողների համար, քանի որ նրանք հարմարվում են նոր միջավայրին և առերեսվում նոր մշակութային իրականությանը։ Հայաստանյան համալսարաններում կենսունակ ուսումնական գործունեությունից բացի արտաուսումնական զբաղմունքները և երկիրը բացահայտելու ակտիվ գործունեությունն ավելի կհարստացնեն ուսանողների կյանքը։ Նրանք կարող են ընկղմվել ակտիվ սոցիալական կյանքում և վայելել Հայաստանում առաջարկվող բազմազան հնարավորությունները: Այդ բազմազանությունը ներառում է, սակայն չի սահմանափակվում տեղական ուտեստներով, երաժշտական փառատոներով, մշակութային իրադարձություններով, պատմական շրջայցերով և գիշերային կյանքով:

Հայաստանում կազմակերպվող տոներ և փառատոներ

Հայաստանում սոցիալական կյանքը ուսումնասիրել ցանկացողները կարող են ուշադրություն դարձնել բազում տեղական փառատոներին, որոնք թե՛ կրոնական տոներին են վերաբերում, թե՛ ուտելիքների կամ ըմպելիքների մշակութային տոնակատարություններին։ Հիսուս Քրիստոսի հարությունը խորհրդանշող Սուրբ Զատիկը և Քրիստոսի այլակերպությունը խորհրդանշող Վարդավառը երկրում համընդհանուր նշվող կարևոր քրիստոնեական տոներ են։ Ուտելիքների և ընպելիքների սիրահարների համար Հայաստանը կարող է առաջարկել տոլմայի, խորովածի, գաթայի, թթի, ձմերուկի, գարեջրի և բազում գինիների փառատոներ։ Մշակութային կյանքի սիրահարների համար Երևանի ջազի օրերը, Տարազի փառատոնը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը և «ՀԱՅ ՖԵՍԹ» կատարողական արվեստի միջազգային փառատոնը սիրված և հայտնի միջոցառումներ են։ Փառատոների մասին կարելի է տեղեկանալ Հայկական միջոցառումների օրացույցից։

Հայաստանի ուտեստները համախմբում են մարդկանց

Հայաստանում սոցիալական կյանքը հաճախ պտտվում է միմյանց հետ հացը կիսելու և համեղ ուտելիքներ ըմբոշխնելու շուրջ։ Երևանի կենտրոնում տեղակայված ռեստորանները խելամիտ գներով առաջարկում են յուրաքանչյուրի քիմքին հարմար բարձրորակ ուտեստներ և բարձրորակ սպասարկում։ Երևանը սրճարաններով լի քաղաք է, որոնցից առավել հայտնիները տեղակայված են Հանրապետության հրապարակի, Կասկադի, և Սարյան փողոցի երկայնքով։ Աշխույժ ու անկաշկանդ միջավայր, տեղական ու արտասահմանյան ուտեստներ են առաջարկվում ոչ միայն մայրաքաղաքի, այլև Հայաստանի այլ քաղաքներում, ինչպիսիք են Գյումրին, Վանաձորը, Դիլիջանը և Ծաղկաձորը։ Հայաստանում ոչ մի ուրիշ տեղ հնարավոր չէ համտեսել ձկան ուտեստների այնպիսի լայն տեսականի, ինչպես Գյումրու «Չերքեզի ձոր» բացօթյա ռեստորան-ձկնաբուծարանում։ Չերքեզի ձորում տեղակայված այս գողտրիկ անկյունը գրավում է հազարավոր տեղացիների ու զբոսաշրջիկների, որոնք վայելում են անզուգական ուտեստները՝ արժանանալով աշխատակազմի հյուրընկալ վերաբերմունքին։

Զբոսանքներ Երևանում և ցերեկային շրջագայություններ դեպի տարածաշրջաններ

Սոցիալական կյանքը վայելելու այլընտրանքային միջոց է նաև Երևանով անվճար մշակութային զբոսանք կատարելը կամ երկրի տարբեր գեղատեսիլ անկյուններում շրջագայելը։ Քանի որ Հայաստանը փոքր երկիր է, հնարավոր է մի քանի ժամվա ընթացքում լինել երկրի տարբեր անկյուններում։ Այդպիսի մի հրաշագեղ վայր է Լոռու մարզի Ստեփանավանին մոտ գտնվող «Սոճուտ» դենդրոպարկը, որը Հայաստանում առաջին բուսաբանական այգին է՝ հիմնադրված 1931թ լեհ ճարտարագետ և անտառաբան Էդմունդ Լեոնովիչի կողմից։ Բացօթյա շրջագայությունների արդյունքում դուք ոչ միայն կբացահայտեք Հայաստանի գոհարները, այլ նաև ձեռք կբերեք նոր ընկերներ ու ծանոթություններ։

Գիշերային կյանքն անվտանգ է Երևանում

Համաձայն Gallup International-ի կողմից 2019 թ․ իրականացված «Համաշխարհային իրավունք և կարգ» հարցման՝ աշխարհի ամենաանվտանգ երկրների ցանկում Հայաստանը զբաղեցնում է 7-րդ տեղը: Ուստի գիշերային կյանքը այլընտրանք է ակտիվ սոցիալական կյանքը վայելելու համար։ Հանրապետության հրապարակն աշխուժանում է հատկապես տաք ամառային գիշերներին, երբ երգող շատրվանները սկսում են իրենց գունագեղ ցուցադրությունը։ Երևանի կենտրոնում կան բազում ակումբներ, բարեր և պանդոկներ, որտեղ հաճախ կազմակերպվում են ուրախ միջոցառումներ։ Տեղական երաժշտական խմբերը ելույթ են ունենում տարբեր ժանրերով՝ ջազ, ռոք, ազգային երաժշտություն։